
Կապանում մեկնարկել է միջազգային երաժշտական փառատոնը
Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել է միջազգային երաժշտական փառատոնը, որն այս տարի անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Հուլիսի 4-ից 15-ն անցկացվող միջոցառումն այս անգամ ունի ոչ միայն համերգային, այլև վարպետության դասընթացների, միջազգային համագործակցության և մշակութային ժառանգության պահպանման բաղադրիչ։
Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը համարվում է լեգենդար դաշնակահար Մարթա Արգերիխի ելույթը, ով առաջին անգամ է հանդես է գալիս Հայաստանում։ Նրա հետ Կապան են ժամանել միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտներ՝ դաշնակահար Դոնգ-Հյեկ Լիմը, ջութակահար Ֆրանչեսկո Վիլան, թավջութակահար Դամիեն Դարիոլին և ուրիշներ։
Առաջին անգամ փառատոնում էլեկտրոնային երաժշտությունը կներկայացվի համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմմի ելույթով։ Մեկ այլ բացառիկ առանձնահատկություն է 18-րդ դարի լարային գործիքների, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակների ցուցահանդեսը, որն արդեն երկրորդ անգամ Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը Լոնդոնից։
Կապանի պետական արվեստի քոլեջի երգեհոնի դահլիճում անցկացվող «Կապան ֆեստի» ծրագրում նախատեսված են ամենօրյա համերգներ և վարպետության դասեր՝ ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար, որոնք կժամանեն Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։
«Կապան ֆեստը» շարունակում է սերտ համագործակցությունը հայ և արտասահմանցի առաջատար երաժիշտների հետ։ Այս տարի ելույթ կունենան նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև արտիստներ Աստղիկ Սիրանոսյանը, Ռուզան Մանթաշյանը, Միքայել Ոսկանյանը։