
Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Սնուփ Դոգի փոխարեն. պետբյուջեից հատկացված 6 մլն դոլարը չի վերադարձվի
2023-ի սեպտեմբերին նախատեսված Սնուփ Դոգի համերգը Երևանում չկայացավ Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով։ Մինչ այդ պետբյուջեից կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել էր շուրջ 6 մլն դոլար՝ ռեփերի հոնորարի, տեխնիկական և գովազդային ծախսերի համար։
Չնայած համերգի չկայանալուն, գումարը պետական բյուջե չէր վերադարձվել։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս տարվա սկզբին հայտնել էր, որ նախարարությունը պաշտոնապես պահանջել է վերադարձնել ամբողջ գումարը, սակայն գործընթացը երկարաձգվել է։
Հուլիսի 31-ին կառավարությունը որոշում է ընդունել չեղարկված համերգի փոխարեն կազմակերպել Ջենիֆեր Լոպեսի համերգը։ Ելույթը նախատեսված է օգոստոսի 3-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում։ Ըստ որոշման՝ նոր համերգի համար հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվի․ կիրականացվի նույն միջոցներով։
Հիշեցնենք նաև, որ կազմակերպությունը պարտավոր է միջոցառման ավարտից հետո 60 օրվա ընթացքում պետական մարմիններին ներկայացնել ֆինանսական ու բովանդակային հաշվետվություն։