ԺամանցՀայաստան

Հայտնի են 2025-ի առաջին կիսամյակում ամենատարածված անունները Հայաստանում

2025 թվականի առաջին կիսամյակում ծնված երեխաների շրջանում Հայաստանում կրկին առաջատար են Դավիթ և Նարե անունները։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս անունները արդեն տասը տարի անընդմեջ գլխավորում են ամենատարածված անունների ցանկը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում ծնվել է 14 609 երեխա՝ 7003 աղջիկ և 7606 տղա։ Նորածին աղջիկների շրջանում ամենատարածված անունը եղել է Նարեն (258), իսկ տղաների շրջանում՝ Դավիթը (491)։

Աղջիկների ամենաշատ տրվող անունների տասնյակում են նաև՝ Լուսե (237), Արփի (234), Մարիա (229), Անգելինա (163), Եվա (154), Մանե (144), Էմիլի (128), Մարիամ (126) անունները։

Տղաների դեպքում առաջատարների ցանկում Դավիթին հաջորդում են Նարեկ (331), Հայկ (282), Ռոբերտ (265), Միքայել (255), Մարկ (231), Մոնթե (216), Արեգ (214), Տիգրան (210) և Լեո (205) անունները։

Վիճակագրական տվյալները նաև փաստում են, որ նորածինների ազգանունների մեջ ամենատարածվածները շարունակում են մնալ Սարգսյանը և Գրիգորյանը։

Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավանդական և ժամանակակից անունների համադրությունը շարունակում է պահպանվել հայկական ընտանիքներում։