ԱշխարհՆորաձևություն

Դոնաթելա Վերսաչեն կհեռանա «Վերսաչե»-ից

Գրեթե երեք տասնամյակ «Վերսաչե» իտալական նորաձևության կենտրոնի ստեղծագործական տնօրեն Դոնաթելլա Վերսաչեն կփոխարինվի։ Սա շրջադարձային իրադարձություն է բրենդի պատմության մեջ։ Իր գոյության 47 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ հագուստները կստեղծվեն այնպիսի մեկի նախագծմամբ, որը կապ չունի Վերսաչե ընտանիքի հետ։ Դարիո Վիտալեն, ով մինչև այս տարվա սկիզբը Պրադա խմբի փոքր ապրանքանիշի՝ Miu Miu-ի դիզայնի և իմիջի տնօրենն էր, ապրիլի 1-ից կստանձնի Դոնաթելլայի գլխավոր ստեղծագործական տնօրենի պաշտոնը:

69-ամյա Դոնաթելա Վերսաչեն չի խզում ընտանեկան ապրանքանիշի հետ հարաբերությունները։ Նա կզբաղեցնի ապրանքանիշի գլխավոր դեսպանի պաշտոնը։

Դոնաթելայի հեռանալու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ 2018 թվականին իտալական բրենդը ձեռք է բերվել ամերիկյան «Կապրի Հոլդինգս» ընկերության կողմից։ Նոր սեփականատերերը նպատակ ունեն փոխել ընկերության ռազմավարությունը՝ ներդնելով նոր ստեղծագործական մոտեցումներ։

«Վերսաչե» նորաձևության կենտրոնը հիմնել է Ջաննի Վերսաչեն 1978 թվականին։ Նա սպանվել է 1997 թվականին՝ սերիական մարդասպանի կողմից։ Դրանից հետո Դոնաթելան դարձել է կենտրոնի ստեղծագործական տնօրենը, իսկ Սանտոն՝ Ջաննիի և Դոնաթելայի ավագ եղբայրը, ստանձնել է ապրանքանիշի գործադիր տնօրենի պաշտոնը:

Ըստ Reuters-ի՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Capri Holdings ընկերությունը, որին պատկանում է Versace-ն, հնարավոր է, ապրանքանիշը վաճառի Prada-ին գրեթե 1,5 միլիարդ դոլարով։