
Գեղարքունիքի մարզում բերքահավաքը շարունակվում է․ կարտոֆիլի գինը Հայաստանում բարձրացել է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում կարտոֆիլի գինը զգալիորեն աճել է։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ, տարվա առաջին ինը ամիսների ընթացքում կարտոֆիլը թանկացել է 35.7 տոկոսով, իսկ ընդհանուր հաշվով՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ գրեթե 40 տոկոսով։ Այս պահին խանութներում կարտոֆիլի գները տատանվում են 200-300 դրամի սահմաններում։
Մինչ Երևանում և մյուս քաղաքներում սպառողները բախվում են գների աճին, Գեղարքունիքի մարզում շարունակվում է կարտոֆիլի բերքահավաքը։ 2025 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ մարզի համայնքներում արդեն հավաքվել է շուրջ 14 հազար 570 տոննա կարտոֆիլ։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 260 ցենտներ։
Այս տարի Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմել են 5566 հեկտար, որոնցից մոտ 40 տոկոսի վրա բերքահավաքն արդեն ավարտվել է։ Մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից վստահեցրել են, որ եղած տեխնիկական միջոցներն ու աշխատուժը բավարար են բերքահավաքը ժամանակին ավարտելու համար։
Արևոտ և տաք եղանակները նպաստում են բերքահավաքի արագ ընթացքին։ Աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հոկտեմբերի երրորդ տասնօրյակում։