ՀայաստանՍնունդ

Արմավիրում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրությունը

Արմավիրի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Ֆռանչֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «չեբուրեկի կիսապատրաստվածք տավարի մսով» արտադրատեսակի արտադրությունը։ Հիմնարկը գտնվում է Արմավիր քաղաքի Հանրապետության 14 հասցեում։

ՍԱՏՄ-ն նշում է, որ որոշումը կայացվել է լաբորատոր փորձաքննության արդյունքում։ Ըստ այդմ՝ արտադրատեսակի նմուշը չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշներին՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ և աղիքային ցուպիկի խմբի մանրէներրի մասով: Վերջիններս կարող են առաջացնել սննդային թունավորում կամ աղիքային վարակի բռնկումներ։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: Հավելենք, որ վերջին շրջանում Արմավիրում սննդային թունավորման դեպքերը աճել են. հոկտեմբերի 10-ին գրանցվել է 9, սեպտեմբերի 9-ին՝ 12 քաղաքացու թունավորման դեպք։