ՀայաստանՍնունդ

Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով

Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Զաքարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ որոշումը կայացվել է մարզային կենտրոնի տեսուչների կողմից արձանագրված մի շարք սանիտարահիգիենիկ խախտումների հիման վրա։

ՍԱՏՄ-ի տվյալներով՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրական շինությունները չեն ապահովել հումքի և պատրաստի սննդամթերքի հոսքերի բաժանում, բացակայել են մեխանիկական օդափոխության համակարգերը, իսկ փայտե հատակն ու պատերը եղել են վատ վիճակում, մրոտ ինչը դժվարացրել է տարածքի ախտահանումը։

Տեսուչները նաև արձանագրել են, որ առաստաղի վնասվածքները կարող են հանգեցնել մասնիկների թափվելուն, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, որոշ դռներ չեն համապատասխանել սանիտարական պահանջներին, աշխատակազմի համար չի եղել հանդերձարան, իսկ սննդամթերքի հետ շփվող պարագաները պատշաճորեն չեն ախտահանվել։

Արտադրամասին տրվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ, որից հետո այն կարող է ներկայացնել վերահսկիչ մարմնին գործունեության վերականգնման հայտ։