«Արզնի կաթնամթերքի» երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ «Արզնի կաթնամթերք» ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում կասեցվել է մի շարք արտադրատեսակների արտադրությունը։ Ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրանքից, որն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության։
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ երեք արտադրատեսակներ չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և համարվում են վտանգավոր սննդամթերք։ Մասնավորապես՝ «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակում հայտնաբերվել են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ։ «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), իսկ «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակում՝ խմորասնկեր։
Տեսչական մարմինը տնտեսավարողին հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ արտադրանքը օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումները վերացնելու նպատակով սահմանվել է վերջնաժամկետ, որի ընթացքում ընկերությունը պետք է ապահովի արտադրության պահանջվող որակական չափանիշները։
