Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Երևան քաղաքում գտնվող «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում կատարված ստուգումների ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից։
Առաստաղները չեն ապահովել անհրաժեշտ պաշտպանություն՝ չկանխարգելելով կեղտի կուտակումը և հնարավոր մասնիկների թափվելը։ Նշվում է նաև, որ բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։
Տեսչական մարմնի տեղեկություններով՝ դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, ունեցել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ։ Բացի այդ՝ արտադրությունում օգտագործվող հումքի մշակման սեղանները, հացի պահման և եփման դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին և չեն պահվել բարվոք վիճակում։
Տեսչական մարմինը ընկերությանը սահմանել է վերջնաժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
