
Երևանում կասեցվել է «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ի տորթի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում։ Այն գտնվում է Երևանի Մարտիրոսյան փողոցում։ Ստուգման ընթացքում բոլոր արտադրատեսակներից նմուշառում է իրականացվել և հանձնվել լաբորատոր փորձաքննության։ Ըստ այդմ՝ «Տորթ արքայախնձորով» արտադրության գործընթացը, կասեցվել է։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ միայն «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակը չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին՝ մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ ցուցանիշներով։ Սննդում այս մանրէների բարձր քանակությունը կարող է վկայել սննդի ոչ պատշաճ հիգիենիկ պայմանների մասին և մեծացնել սննդային թունավորման վտանգը։ Այդ պատճառով սննդամթերքի անվտանգության ստանդարտներով սահմանվում են թույլատրելի սահմանափակումներ, և եթե որակի ստուգման ժամանակ այս մանրէների քանակը գերազանցում է սահմանված նորմերը, տվյալ արտադրանքը համարվում է վտանգավոր և պետք է հեռացվի արտադրությունից։