Քաղաքացիները լիակատար վերահսկողություն կունենան իրենց անձնական տվյալների նկատմամբ

Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան վերահսկելու, թե որ պետական կամ մասնավոր կառույցներն են օգտվել իրենց անձնական տվյալներից։ Այս մասին Երևանում անցկացվող ֆինանսական ՊԼԱՍ-համաժողովում հայտնել է ՀՀ Թվային համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները սկզբում համաձայնություն կտան, որ Ներքին գործերի նախարարությունը կարողանա օգտվել իրենց տվյալներից, ապա կտեսնեն, թե որ կառույցը և ինչ նպատակով է դիմել այդ տեղեկատվությանը։

«Օրինակ, եթե ոստիկանությունը ճանապարհին ստուգի իմ մեքենայի համարը, այդ տեղեկությունը անմիջապես կհայտնվի իմ համակարգում»,– նշել է նա։

Նոր համակարգը թույլ կտա սահմանափակել նաև մասնավոր հաստատությունների՝ օրինակ բժշկական կենտրոնների հասանելիությունը։ Բուժհաստատությունները կաշխատեն էլեկտրոնային եղանակով, սակայն քաղաքացին կարող է սահմանել, որ իր տվյալներն այդ կենտրոններին հասանելի լինեն միայն իր ներկայության պահին։

Տեղեկատվական համակարգերի գործակալությունն իրականացնում է պետական էլեկտրոնային ծառայությունների միասնական պորտալի և պետական տվյալների ընդհանուր բազայի նախագծերը։ Գործակալությունը գործում է հիմնադրամի կարգավիճակով, որի կառավարման խորհուրդը ձևավորում են Կենտրոնական բանկն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։