
Աբովյանում բացահայտվել է կեղծ օղու արտադրություն
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է Աբովյան քաղաքում գործող կեղծ օղու արտադրություն։ Ըստ նախնական տվյալների՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրության համար նախատեսված տարածքում իրականացվել է օղու ապօրինի արտադրություն։
Օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության համար նախատեսված սարքավորումներ, դատարկ շշեր տարբեր պիտակներով, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, ինչպես նաև 1 տոննա տարողությամբ չժանգոտվող պողպատյա տարա՝ լցված սպիրտանման հեղուկով։ Բացի այդ, հայտնաբերվել է 82 շիշ օղի, որոնք չունեին համապատասխան ակցիզային դրոշմանիշներ և նույնականացման նշաններ։
Արդյունքում պարզվել է, որ օղու արտադրությունն իրականացվել է առանց համապատասխան ծանուցման՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Կատարվել է պետական վնասի նախնական հաշվարկ, և դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե։