
«Վանանդ կաթ»-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով
«Վանանդ կաթ»-ի արտադրամասը, որը գտնվում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, փակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումից հետո։ Արտադրամասում մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ են հայտնաբերվել։
Տեսուչները նշել են, որ արտադրամասի հատակի, պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել և պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանող նյութերով։ Բացի այդ, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, այլ նպաստել են խոնավության խտացմանը։
Արտադրամասի սարքավորումներ պատշաճ կերպով չեն մաքրվել ու ախտահանվել։ Խախտումներ են եղել նաև փաթեթավորման գործընթացում։
Ապահովված չեն եղել նաև աշխատակիցների պայմանները։ Անձնակազմը չի ունեցել հանդերձարան և անձնական իրերը պահել է արտադրամասի ներսում։
Այս ամենի արդյունքում «Վանանդ կաթ»-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, և ընկերությանը տրվել է ժամկետ՝ վերացնելու բոլոր նշված խախտումները։