
ՀՀ կառավարությունը երկարաձգում է մի շարք պարենային ապրանքների արտահանման արգելքը ևս 6 ամսով
Հայաստանից մի շարք կարևոր պարենային ապրանքների՝ այդ թվում ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման արգելքը երկարաձգվում է ևս 6 ամսով։ Կառավարության՝ հունիսի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ներառված է համապատասխան որոշման նախագիծը, որով ժամանակավոր արգելքը կերկարաձգվի մինչև 2026 թվականի հունվարի 4-ը։
Այս արգելքը վերաբերում է միայն այն երկրների արտահանմանը, որոնք ԵԱՏՄ անդամ չեն։ Ըստ հիմնավորման՝ երկրի ներսում հացահատիկի և բուսայուղի արտադրությունն ամբողջությամբ չի բավարարում բնակչության պահանջարկը։ Ապրանքները ներկրվում են հիմնականում Ռուսաստանից և այլ շուկաներից։
Այսպիսով, կառավարությունը փորձում է խուսափել ներքին դեֆիցիտից ու գնաճից՝ առաջնահերթ կարգով ապահովելով տեղական շուկային։
Հիշեցնենք, որ արտահանման առաջին արգելքը սահմանվել էր դեռ 2024 թվականի նոյեմբերին՝ նույնպես 6 ամսով։