ՀայաստանՍնունդ

«Մամա ջան 21» հանրային սննդի կետը փակվել է սանիտարական խախտումների պատճառով

Երևանի Սպենդարյան փողոցում գործող «Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետը ժամանակավորապես դադարեցրել է արտադրական գործունեությունը։

Վերահսկող մարմնի հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ, որոնք դարձել են գործունեության կասեցման հիմք։

Մասնավորապես՝ սննդի պատրաստման հատվածի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, դժվարությամբ են մաքրվել ու ախտահանվել։ Դրանք պատրաստված չեն եղել համապատասխան՝ անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից։ Առաստաղների կառուցվածքը ևս չի համապատասխանել սահմանված նորմերին: Այն չի ապահովել կեղտի կուտակման և բորբոսների առաջացման կանխարգելումը։

Տեսչական մարմինը սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ։ Դրանց վերացումից հետո միայն կքննարկվի օբյեկտի գործունեության վերսկսման հնարավորությունը։

Սեդա Մարտոյան