ՀայաստանՍնունդ

Պանրի արտադրամասում տեխնիկան չի ախտահանվել

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կասեցվել է «Դախխան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի գործունեությունը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող մի շարք կարևոր պահանջներ։

Մասնավորապես՝ արտադրության ընթացքում օգտագործվել են սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումներ և գույք, որոնք պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, ինչը խոչընդոտել է դրանց պատշաճ լվացման, մաքրման և ախտահանման գործընթացը։ Այս սարքավորումների և գույքի նյութերը չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության պահանջներին։

Բացի այդ, սարքավորումների, գործիքների ու պարագաների մաքրումն ու ախտահանումը պատշաճ չեն իրականացվել։ Արտադրությունը չի համապատասխանել արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգներին։

Արդյունքում, պանրի արտադրության գործընթացը կասեցվել է։ Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։ Կասեցման նպատակը արտադրության անվտանգության վերականգնումն է՝ սպառողների առողջության պաշտպանությունն ապահովելու համար։