ՀայաստանՍնունդ

Երևանում կասեցվել է «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ի երկու հացի արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Պարզվել է, որ Հրաչյա Քոչար 2ա և Շինարարների 12 հասցեներում գործող արտադրամասերում առկա են եղել մի շարք խախտումներ։ Շուրջ 1 ամսվա ընթացքում «Ծիրան Մարկետ»-ին պատկանող արդեն 5 արտադրամաս է փակվել։

Տվյալ դեպքում հացի արտադրամասի առաստաղը չի ապահովել մասնիկների թափվելու և բորբոսի առաջացման վտանգի կանխարգելումը, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական տարածք։ Ներսում չեն եղել նաև ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար անհրաժեշտ սարքեր։

Շինարարների 12 հասցեում գործող արտադրամասում հայտնաբերվել են այլ խախտումներ։ Պատերը, դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Խնդիրներ են եղել նաև արտադրական սարքավորումների հետ։ Եփման վառարանն ու դարակաշարերը նորոգված չեն եղել։

Հիշեցնենք, որ Սննդի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 26-ին կասեցրել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, փետրվարի 3-ին՝ Երևանի Գայի պողոտա 8/2 և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեներում աղցանների և խոհարարական արտադրանքի և կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի գործունեությունը։