ՀայաստանՍոցիալական

Գյումրիում ընտրակաշառքի դեպքով քրեական գործն ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիում ընտրակաշառքի դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։ Գործը վերաբերում է 2025 թվականի մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրու մի բնակչի խոստացել է ընտրակաշառք՝ ընտրողների հավաքագրում իրականացնելու և դաշինքի օգտին քվեարկություն ապահովելու դիմաց։

Նույն բնակիչն իր հերթին դիմել է մի շարք քաղաքացիների՝ համոզելով մասնակցել ընտրություններին և քվեարկել նշված դաշինքի օգտին։ Հավաքագրած տվյալները փոխանցվել են թեկնածուին։

Երկու անձանց՝ թե՛ կաշառք առաջարկած թեկնածուին, թե՛ այն ստացած բնակչին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածների 1-ին մասերով՝ համապատասխանաբար ընտրակաշառք տալու և ստանալու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն։

Քրեական գործի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Անի Մարգարյան