Արթիկում կառուցվում է ժամանակակից բժշկական կենտրոն՝ ամբողջ մարզի առողջապահական ծառայությունների համար
Արթիկում շինարարական աշխատանքներ են տարվում ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոնի կառուցման համար: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրում՝ որպես «Ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող բժշկական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում» նախաձեռնության մաս:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ նոր կենտրոնում կհամախմբվեն մատուցվող բոլոր բժշկական ծառայությունները։ Այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով: Բժշկական կենտրոնի շենքը լինելու է տիպային կառույց, որի համար հատկացվել է ավելի քան երեք միլիարդ դրամ։
Մարզպետի խոսքով՝ այս տարի Շիրակում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը ընդգրկում են ոչ միայն դպրոցաշինությունը և ճանապարհաշինությունը, այլև առողջապահության ոլորտը: Ընթացքի մեջ են նաև Պեմզաշենի և Ախուրիկի ամբուլատորիաների շինարարական աշխատանքները, ինչպես նաև արդեն սկսվել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի շենքի վերանորոգման մրցույթը։
