ԱռողջությունՀայաստան

Պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը վերանայվելու են

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ պոլիկլինիկաների աշխատակիցների՝ մասնավորապես առաջնային օղակի թերապևտների և նեղ մասնագետների աշխատավարձերը կվերանայվեն, քանի որ նրանք սպասարկելու են նաև ապահովագրական համակարգի հաճախորդներին։

Նախարարը նշեց, որ վճարների մի մասը կկատարվի «բնակչության մեկ շնչի հաշվով», մյուս մասը՝ կոնկրետ սպասարկման դիմաց։ Աշխատավարձի չափը կախված կլինի սպասարկված քաղաքացիների քանակից: Բացի այդ՝ պոլիկլինիկայի կառավարիչը կորոշի, օրինակ, սոնոգրաֆիայի համար վճարվող գումարից բժշկին ի՞նչ չափաբաժին կհասնի։

Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե ինչ կլինի այն քաղաքացիների հետ, ովքեր կհրաժարվեն առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունից, նախարարը պատասխանեց, որ առաջին տարում տույժ–տուգանքներ չեն լինի, և ապահովագրական փաթեթը կսառեցվի, մինչև քաղաքացին վճարումներ կկատարի։

Անահիտ Ավանեսյանը նաև մանրամասնեց, որ օրենքը ուժի մեջ կմտնի ստորագրումից հետո՝ հաջորդ օրը, այսինքն՝ դեկտեմբերից։ Ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Այսինքն` քաղաքացին մինչև հունվարի 20-ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբեր ամսվա հաշվարկի հիման վրա։ Այսինքն` 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից։

Նախարարի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնք վերաբերում են 63–65 տարեկան անձանց և մինչև 23 տարեկան ծնողազուրկ ուսանողներին, այս տարի չեն ընդունվի, սակայն դրանք կդիտարկվեն 2027 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում։

Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի լրամշակված նախագիծը դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, հանձնաժողովում դեմ քվեարկող չկար, միայն Արմենուհի Կյուրեղյանն էր ձեռնպահ։