ԱռողջությունՀայաստան

Գիշերային կենսակերպը մեծացնում է սրտի ու ուղեղի կաթվածի վտանգը

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ուշ ժամերին քնող մարդկանց մոտ սրտի կամ ուղեղի կաթվածի ռիսկը 16%-ով ավելի բարձր է։

Հետազոտությունը իրականացրել են Հարվարդի բժշկական դպրոցի և Բրիգհեմի կանանց հիվանդանոցի գիտնականները՝ վերլուծելով ավելի քան 300 000 մարդու տվյալներ, որոնց միջին տարիքը մոտ 57 տարեկան էր։ Մասնակիցների 8%-ն իրեն համարել է «բու», 24%-ը՝ «արտույտ»։

Շուրջ 14 տարվա հետևողական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ուշ քնողները 79%-ով հաճախ են բախվել սրտանոթային հիվանդությունների, իսկ նրանց մոտ սրտի կամ ուղեղի կաթվածի ռիսկը 16%-ով բարձր է եղել մյուսների համեմատ։ Գիշերային կենսակերպի բացասական ազդեցությունը հատկապես նկատելի է կանանց շրջանում։

Մինչդեռ «արտույտների» մոտ սիրտ-անոթային խնդիրների հավանականությունը 5%-ով ցածր է մյուսների համեմատ։

Ուշ քնելը հաճախ ուղեկցվում է վատ սովորություններով՝ ծխելու, անկանոն ու ցածրորակ քնի և վնասակար սննդի ընդունմամբ, ինչը բացասաբար է ազդում շաքարի և խոլեստերինի մակարդակի վրա։

Գիտնականները նշում են, որ ուշ քնելը դատավճիռ չէ, սակայն այս կենսակերպի սիրահարների համար չափազանց կարևոր է պահպանել առողջ ապրելակերպի կանոնները։