ԱռողջությունՀայաստան

Հայաստանում ամեն տարի արգանդի պարանոցի քաղցկեղի մոտ 270 նոր դեպք է արձանագրվում

Հայաստանում ամեն տարի գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք, որոնց մեծ մասը հայտնաբերվում է հիվանդության ուշ՝ երրորդ և չորրորդ փուլերում։ Նշվում է, որ տարեկան մոտ 115 կին մահանում է այս տեսակի քաղցկեղից։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածությունը և մահացությունը տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր է, քան Արևմտյան Եվրոպայում։ Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման ամենատարածված պատճառը մարդու պապիլոմավիրուսն (HPV) է, հատկապես դրա բարձր ռիսկայնության որոշ տեսակները։ Վիրուսի երկարատև առկայությունը կարող է հանգեցնել բջիջների նախաքաղցկեղային փոփոխությունների, որոնք տարիների ընթացքում կարող են վերափոխվել քաղցկեղի։ Վիրուսը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով։

Կանխարգելման լավագույն միջոցներից մեկը HPV պատվաստումն է, որը Հայաստանում հասանելի է 13 տարեկանից սկսած՝ աղջիկներին և տղաներին։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 99%։

Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար կիրառվում են սքրինինգային հետազոտություններ. բջջաբանական հետազոտությունը իրականացվում է 3 տարին մեկ անգամ, HPV թեստավորումը՝ 5 տարին մեկ անգամ, կամ հնարավոր է իրականացնել համակցված սքրինինգ՝ 5 տարին մեկ անգամ։

Հայաստանում՝ Առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատություններում, 30-60 տարեկան կանանց շրջանում HPV թեստավորումը կատարվում է անվճար՝ 5 տարին մեկ անգամ։