ԱՀԿ Գործադիր խորհուրդը միաձայն ընդունեց Հայաստանի առաջարկած բանաձևը
Առողջապահության համաշխարհային կազմակերության Գործադիր խորհրդի 158-րդ նիստի շրջանակներում ելույթներով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը։
Վերջինս ներկայացրել է Հայաստանի նախաձեռնած «Հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց համար առողջապահական հավասարության ապահովման գլոբալ գործողություններ» թեմայով բանաձևը։
Այն մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի համագործակցությամբ՝ ուղղված լինելով հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց բուժման և խնամքի հասանելիության բարելավմանը։
Բանակցությունների արդյունքում ներկայացված նախագիծն ընդունվել է միաձայն։
Նախատեսվում է, որ 2026 թվականի մայիսին կայանալիք ԱՀԿ 79-րդ Գլխավոր վեհաժողովում բանաձևը կներկայացվի ԱՀԿ բոլոր 194 անդամ-պետությունների կողմից վերջնական պաշտոնական ընդունման։
Դրան հաջորդելու է բանաձևով սահմանված դրույթների իրականացման փուլը՝ համաձայն 2026-2028 թվականների համար մշակված ճանապարհային քարտեզի։

