Հայաստանում առաջին անգամ կատարվելու է մանկական ուղեղային կաթվածի վիրահատություն
Այս տարվա ապրիլին Երևանում առաջին անգամ մանկական ուղեղային կաթվածի վիրահատություն է նախատեսվում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգային խորհրդակցության ժամանակ հայտարարեց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Նա մանրամասնեց, որ փետրվարի 2-6-ը աշխատանքային այց է կատարվել Շանհայ, որտեղ տեղի մանկական հիվանդանոցի և Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ մանկական ուղեղային կաթվածի վիրահատական և վերականգնողական բուժման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում արդեն իրականացվել են համատեղ վիրահատություններ, ինչը մեծ փորձ է տվել հայ մասնագետներին։
Կարապետյանը նշեց, որ Հայաստանում նմանատիպ վիրահատություն նախատեսվում էր իրականացնել հենց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Հերթագրված պացիենտների հավաքագրումը սկսվելու է այնտեղ։ Նման վիրահատություն տարածաշրջանում դեռ չի իրականացվել։
Մոտ 24 միլիոն դոլար արժողությամբ անհրաժեշտ սարքավորումները տրամադրելու է չինական կողմը, իսկ հետագա բուժումն ու վերականգնումը կազմակերպվելու է «Սուրբ Աստվածամայրի» վերականգնողական կենտրոնում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին ընդգծեց, որ տարածաշրջանում առաջին անգամ նմանատիպ վիրահատություն հնարավոր կլինի իրականացնել հենց Երևանում։

