
ՄԻԱՎ-ով վարակման ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Շիրակի մարզում
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 462 նոր դեպք։ Վերջին երկու տարվա ընթացքում տարեկան 500-530 ՄԻԱՎ վարակի նոր դեպք է գրանցվել։ Ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Շիրակի մարզում։ Օտարերկրացիների մոտ արձանագրվել է հիվանդության 438 դեպք։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 48 տոկոսը 25-39 տարեկան արական սեռի ներկայացուցիչներն են։
ՄԻԱՎ-ով վարալվածների մեջ թիրախում են աշխատանքային միգրանտները։ Ըստ վիճակագրական տվյալների՝ նրանք վարակվածների մոտ կեսն են կազմում։
Այս ցուցանիշն ավելին է, քան տարիներ առաջ էր։ Տեսնում ենք, որ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի գրանցման աճի միտում կա։ Առաջին հայացքից կթվա, թե հիվանդությունն է տարածվում, սակայն մյուս կողմից կարող ենք ասել, որ հետազոտվողներն են ավելացել։ Վերջին շրջանում ակտիվ կատարվում են իրազեկման, կանխարգելման միջոցառումներ, որոնց արդյունքում քաղաքացիները սկսել են ավելի շատ հետազոտվել։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը նշեց, որ հիվանդության վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս շուտ արձագանքել և բուժառուի կյանքի որակը լավարկել։ Այդ պատճառով շատ կարևոր է պարբերաբար հետազոտվելը։ ՄԻԱՎ-ի վերաբերյալ բոլոր ծառայությունները՝ սկսած ախտորոշումից մինչև բուժում, Հայաստանում իրականացվում են անվճար ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների համար։
Հայաստանում ՄԻԱՎ-ի առաջին դեպքը գրանցվել է 1988 թվականին։ Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Օրվա շրջանակում նոյեմբերի 30-ին հետազոտությունների համար նախատեսված շարժական կենտրոնը կգործի Գյումրիում, դեկտեմբերի 1-ին՝ Երևանում։ Մինչ այժմ Հայաստանի քաղաքացիների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք։
Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության (ՀԱԿԿ) տվյալներով՝ ամենաշատ ՄԻԱՎ վարակվածները գրանցված են Հարավային Աֆրիկայում, որտեղ բնակչության մոտ 20%-ը վարակված է: