Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաներին տրամադրվելու են նոր չափիչ սարքեր
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շաքարային դիաբետով երեխաներին ժամանակակից, ոչ ինվազիվ (առանց ներարկման) գլյուկոզայի չափման սարքեր տրամադրելու վերաբերյալ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ նախկինում նման սարքեր տրամադրվել են մինչև 9 տարեկան երեխաներին, ինչի համար 181 մլն դրամ էր հատկացվել։ Ներկայումս 570 մլն դրամ կհատկացվի 10–18 տարեկան երեխաների և դեռահասների համար։
Նախարարի խոսքով՝ նոր սարքերը թույլ կտան օրվա ընթացքում մի քանի անգամ չափել արյան շաքարի մակարդակը՝ առանց ներարկման, և տվյալները ավտոմատ կփոխանցվեն բջջային հավելվածի միջոցով։ Տվյալները կփոխանցվեն բջջային հավելվածի վրա, որը կկարողանան վերահսկել բժիշկներն ու ծնողները։
Սարքերը նախատեսվում է մինչև տարեվերջ բաժանել մոտ 1100 հիվանդ երեխայի, իսկ հետագայում դրանց գնումն ու սպասարկումը կֆինանսավորվի պետության կողմից մշտական հիմունքներով։
