Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենահաճախ հանդիպողը
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում 2023 թվականին առաջին անգամ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշված դեպքերի թիվը գերազանցել է 1500-ը, իսկ 2024-ին գրանցվել է ավելի քան 1600 նոր դեպք։ Դրանց շուրջ 60%-ը հայտնաբերվել է հիվանդության վաղ փուլերում։ Աշխարհում հոկտեմբերն ավանդաբար համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: «Վարդագույն հոկտեմբեր» նախաձեռնության գաղափարի հեղինակը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է։ Հիվանդության դեմ պայքարի խորհրդանիշը վարդագույն ժապավենն է՝ որպես միասնության ու ընդհանուր պայքարի նշան։ Ի՞նչն է ամենակարևոր ազդանշանը, որին պետք է ուշադրություն դարձնի յուրաքանչյուր կին, որքա՞ն հաճախ է անհրաժեշտ անցնել զննում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կանանց առողջության կլինիկայի բժիշկ-ուռուցքաբան Մետաքսյա Մկրտչյանի հետ։
Ո՞րն է ամենակարևոր նախանշանը, որին պետք է ուշադրություն դարձնի յուրաքանչյուր կին։
Ամենակարևոր նախանշաններն են՝ կրծքի չափի կամ ձևի փոփոխություն, պտուկի շրջանում կարմրություն և/կամ ցան, պտուկից արտադրություն, վքվածություն անրակների և թևատակերի շրջանում, կրծքում շոշափելի գունդ/գոյացություն, կնճռոտում՝ մաշկը կարող է նմանվել նարնջի կեղևի, պտուկի ներքաշված լինելը, ինչպես նաև ձևի կամ տեղակայվածության փոփոխությունը, ցավի զգացողություն կրծքում և/կամ թևատակերում։
Որքա՞ն հաճախ է պետք դիմել հետազոտության։
Հնարավոր է իրականացնել նաև ինքնազննություն՝ ամսական մեկ անգամ՝ դաշտանի ավարտից 5–7-րդ օրը։ Բժշկական զննումն իրականացվում է տարին 1 անգամ։ Իսկ 40 տարեկանից հետո՝ յուրաքանչյուր 1–2 տարին մեկ անգամ կարելի է դիմել մամոգրաֆիայի։ Ինքնազննությունն, իրականում, կարևոր գործիք է, որը թույլ է տալիս կնոջը առաջինը նկատել փոփոխությունները։ Վաղ հայտնաբերման շնորհիվ բուժման հաջողությունը կարող է հասնել մինչև 90–95%։
Սթրեսը, էմոցիոնալ վիճակը կարո՞ղ են ազդեցություն ունենալ հորմոնների վրա։
Սթրեսը և էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը կարող են անուղղակիորեն ազդել հորմոնալ հավասարակշռության վրա, բայց դրանք ուղիղ պատճառ չեն։ Այնուամենայնիվ, հոգեկան առողջության պահպանումը նույնպես կարևոր է ընդհանուր կանխարգելման գործում։
Ի՞նչ նոր մեթոդներ կամ տեխնոլոգիաներ են կիրառվում վաղ ախտորոշման ու բուժման համար Հայաստանում։
Հայաստանում արդեն կիրառվում են թվային մամոգրաֆիա և տոմոսինթեզ, որոնք ապահովում են ավելի հստակ պատկեր, կրծքագեղձի ուլտրաձայնային էլաստոգրաֆիա, որը գնահատում է գոյացության խտությունը։ Ինչպես նաև՝ բիոպսիայի նորագույն մեթոդներ՝ վակուումային և ստերեոտաքսիկ բիոպսիա։ Բուժման մեջ կիրառվում են թիրախային և իմունոթերապիաներ, ինչպես նաև գենետիկական թեստավորում։
Որո՞նք են ամենատարածված սխալ պատկերացումները, որոնց դուք հաճախ եք բախվում գործնականում։
«Եթե ցավ չկա՝ ուրեմն վտանգ չկա» մոտեցումը սխալ է։ Քաղցկեղը հաճախ սկզբում ցավ չի առաջացնում։ «Կրծքագեղձի ուռուցքը միշտ ժառանգական է». ոչ միշտ, միայն մոտ 5–10% դեպքերում է այն ժառանգական։ «Մամոգրաֆիան վնասակար է» պատկերացումը նույնպես սխալ է. ճառագայթման չափաբաժինը շատ ցածր է և անվտանգ։ «Երիտասարդների մոտ չի պատահում». կրծքագեղձի քաղցկեղը կարող է հանդիպել նաև 30 տարեկանից ցածր կանանց մոտ, թեև՝ հազվադեպ։
Ի՞նչ պետք է հիշի յուրաքանչյուր կին իր առողջության մասին։
Քո առողջությունը քո ձեռքերում է․ ճանաչի՛ր մարմինդ, մի՛ վախեցիր ստուգվելուց, որովհետև վաղ հայտնաբերած հիվանդությունը բուժելի է։ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման կարևորությունը օր օրի մեծանում է։ Ինքնազննությունը և կանոնավոր բժշկական զննումը թույլ են տալիս ժամանակին արձագանքել և բարձրացնել բուժման հաջողության հավանականությունը. առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարող է փրկել կյանք։
