
Հայաստանում բոլոր ձերբակալվածները պարտադիր բժշկական զննություն կանցնեն՝ անկախ հանգամանքներից
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին փաթեթին։ Նախատեսվում է ձերբակալվածներին ձերբակալման վայր ընդունելիս՝ բժշկական զննություն իրականացնել բոլոր դեպքերում։ Մինչև այժմ բուժզննություն էին անցնում միայն այն ձերբակալվածները, որոնց մոտ մարմնական վնասվածքներ էին հայտնաբերվում։
Ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ձերբակալվածների պահման վայրեր բերվելուց ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձինք՝ կարանտինային բաժանմունք տեղափոխվելիս ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ Որպես հավելյալ երաշխիք՝ նախատեսում ենք նաև հնարավորություն, որպեսզի բժշկական զննությանը կարողանա մասնակցել նաև ձերբակալվածի կամ կալանավորված անձի բժիշկը։ Ներկայումս ձերբակալվածների պահման վայրերում բժշկական զննությունը իրականացվում է շտապօգնության բժիշկների միջոցով,-իր խոսքում նշեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Առաջարկվում է սահմանել նաև ձերբակալված և կալանավորված անձին բժշկական զննության ենթարկած բժշկի կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված արձանագրության դեպքերը։ Նախատեսվում է նաև սահմանել լիազորող նորմեր, որոնցով լիազորություն կտրվի Առողջապահության նախարարին սահմանելու այդ արձանագրության ձևը և դրա լրացման կարգը: Լրացումից հետո նման արձանագրության մասին պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացվի Քննչական մարմնին և Դատախազությանը, հնարավորության դեպքում նաև էլեկտրոնային եղանակով: