ԱռողջությունՀայաստան

Նախատեսվում է 2029 թվականին բնակչության 80 տոկոսին բժշկական ապահովագրում տրամադրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար «ALAN» կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգիի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ՝ քննարկելու Հայաստանում ապահովագրական համակարգի զարգացման տեսլականը։

Նախարարը ներկայացրել է ոլորտում տարվող աշխատանքները՝ ընդգծելով, որ ապահովագրության ներդրումը պետք է ուղեկցվի առողջապահական համակարգի թվայնացմամբ։ Նրա խոսքով, եթե գործընթացը մեկնարկի 2026-ի հունվարի 1-ից, ապա երեք տարում հնարավոր կլինի ապահովագրել բնակչության 80%-ը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են էլեկտրոնային ապահովագրության առավելությունները, քննարկվել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մոդելն ու դրա փուլերը։

Անահիտ Ավանեսյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ ապահովագրական համակարգի ձևավորման հարցում մասնագիտական և օբյեկտիվ մոտեցում ապահովելու համար։ Ֆրանսիական փորձի փոխանակման նպատակով «ALAN»-ի ներկայացուցիչների հետ առաջիկա երկու օրերին կանցկացվեն հանդիպումներ և աշխատաժողովներ։