Հայաստանում կրկին հոնկոնգյան գրիպի դեպքեր են արձանագրվել․ ի՞նչ անել
Հայաստանում գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի (հոնկոնգյան գրիպ) դեպք է հաստատվել։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ 2025–2026 թվականների 45-րդ շաբաթվա ընթացքում լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվել է այս ենթատեսակը։
Գրիպի հիմնական ախտանշաններն են բարձր ջերմություն, կոկորդի ցավ և շնչուղիների ծանրություն, հազ, գլխացավ և մարմնի մկանային ցավեր։ Հիվանդությունը կարող է բարդություններ առաջացնել, հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ։
ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս սեզոնային պատվաստում, հիվանդության դեպքում մնալ տանը, երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ, ինչպես նաև խուսափել շփումից շնչառական վարակով մարդկանց հետ։ Կենտրոնը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և չօգտագործել հակաբիոտիկներ առանց բժշկի ցուցում։
Միևնույն ժամանակ, վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է մենինգոկոկային վարակով հիվանդության մեկ դեպք։ Այս հիվանդությունն ավելի հազվադեպ է հանդիպում, բայց կարող է զարգանալ ծանր բարդություններով՝ ներառյալ և արյունահոսություն։ Այն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում։ Բնակչության 1-10%-ը կարող է լինել մանրէի կրող՝ առանց ախտանշանների։ Հիվանդության հիմնական նշաններն են՝ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, սրտխառնոց, փսխում, ինչպես նաև հատուկ կարմիր-մանուշակագույն ցան մաշկի վրա։
