
Ինչպե՞ս է արտահայտվում հետպատերազմյան սթրեսը և ինչպես այն հաղթահարել
2023 թվականի պատերազմի մասնակիցների մոտ հետպատերազմյան ժամանակահատվածում առկա է տագնապայնության և սթրեսի բարձր մակարդակ։ Այս մասին հայտնում է Արցախի գիտական կենտրոնի հրապարակած վիճակագրությունը։

2020 թվականի արցախյան պատերազմից հետո, հոգեկան առողջության թեման աննախադեպ կարևորություն ստացավ Հայաստանի հանրության համար։ Դեպրեսիային, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներին ավելացան նաև ինքնասպանությունների դեպքերը։
Համաձայն Արցախի գիտական կենտրոնի ուսումնասիրությունների՝ պատերազմի ժամանակ վնասվածք կամ վիրավորում ստացած անձանց շրջանում հոգեկան խանգարումների հաճախականությունը մոտ 2 անգամ ավելի շատ է։
Հոգեբան Աննա Գալստյանի խոսքով, պատերազմի ամենատարծված հոգեբանական հետևանքներից են հետտրավմատիկ սթրեսային խանգարումները, խոր տագնապը, դեպրեսիան, որոնք կարող են մարդկանց ուղեկցել տարիներ շարունակ։
«Երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում կամ նա ականատես է լինում մահվան, ապրում է ուժեղ սթրես, որից արագ դուրս գալը գրեթե անհնար է։ Եթե մարդը այդ վիճակից չի կարողանում կարճ ժամանակում վերականգնվել, տրավման խորանում է՝ թողնելով լուրջ և երբեմն անդառնալի հետքեր հոգեկան առողջության վրա», – ասում է հոգեբանը։
Նա ընդգծում է, որ պատերազմի վերապրող մարդիկ անցնում են մի քանի հոգեբանական փուլերով։ Սկզբնական շրջանում կարող է դիտվել շոկային վիճակ, որին հաջորդում է ժխտումը, տագնապը և երբեմն նաև մեղավորության զգացումը։
«Իմ փորձից գիտեմ, որ նույնիսկ պատերազմից 4-5 տարի անց զինվորները շարունակում են կրել պատերազմի հետևանքները։ Շատ հաճախ իրենք չեն էլ գիտակցում, որ տառապում են հետտրավմատիկ սթրեսից՝ գիշերային մղձավանջները, տագնապները կապելով այլ հանգամանքների հետ», – նշում է Աննա Գալստյանը։
Պատերազմից վերադարձած զինվորների շրջանում ամենատարածված հոգեբանական խնդիրներն են հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, տագնապային խանգարումները, հոգեմարմնական հիվանդությունները, դեպրեսիան և կորուստի վիշտը։ Հոգեբանի խոսքով, որքան շուտ է սկսվում այդ խնդիրների կանխարգելումը, այնքան ավելի արագ և արդյունավետ է վերականգնման գործընթացը։
Միևնույն ժամանակ, հասարակության մեջ տարածված կարծրատիպերը՝ թե տղամարդը չպետք է արտահայտի իր էմոցիաները, մեծապես խոչընդոտում են բուժման գործընթացին։
«Տղամարդիկ հաճախ խուսափում են մասնագետի դիմելուց, ինչը խորացնում է խնդիրը և բացասաբար անդրադառնում թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների և անգամ սերունդների վրա։ Տրավման կարող է փոխանցվել նաև նրանց, ովքեր ապրում են տրավմատիկ անձանց կողքին», – ընդգծում է հոգեբանը։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը դրսևորվում է տարբեր ձևերով՝ հուզական, վարքային, ֆիզիոլոգիական և մտավոր մակարդակներում։ Տուժածները հաճախ վերապրում են անցյալը՝ կրկին ու կրկին մտաբերելով կամ երազներում ապրելով տրավմատիկ իրադարձությունները։ Նրանք խուսափում են այն միջավայրերից և մարդկանցից, որոնք հիշեցնում են իրենց տառապանքի մասին։ Շատ դեպքերում նրանք մեկուսանում են հասարակությունից, երբեմն ունենում քնի խանգարումներ, դեպրեսիա, տագնապային վիճակներ և անգամ կախվածություններ։
Հոգեբանը նշում է, որ բուժման գործընթացը պետք է իրականացվի փուլային և նրբանկատ մոտեցմամբ։
«Ցանկալի է, որ զինվորների հետ աշխատեն իրենք՝ զինվորականները , ովքեր ևս հատուկ պատրաստվածություն են անցնում հոգեբանների կողմից, որպեսզի զինվորները չզգան իրենց թուլությունը ցուցադրելու վախ։ Օրինակ՝ Իսրայելում այդ մեթոդը լայնորեն կիրառվում է և տալիս է արդյունավետ արդյունքներ», – պատմում է նա։
Մարդու ինքնության ընկալումը նույնպես ենթարկվում է փոփոխության պատերազմի հետևանքով։ Աննա Գալստյանի խոսքերով՝ երբ մարդը ականատես է լինում մահվան կամ ծանր կորուստի, նրա ուղեղի հայելային նեյրոնները այդ տառապանքը վերագրում են իրեն, ինչի արդյունքում անձը կարող է իր զգացմունքային մակարդակում իրեն «մահացած» զգալ։
«Եթե մարդն արդեն ունեցել է կորուստներ, ապա պատերազմի հետևանքները նրա համար առավել ծանր են լինում, քանի որ անցյալի վերքերը թարմանում են և ցավը կրկնապատկվում»։
Վերականգնման գործընթացում կարևոր գործոն է միջավայրը՝ ընտանիքը, համայնքը և հանրային վերաբերմունքը։ Հոգեբանը ներկայացրեց իր պրակտիկայում հանդիպած դեպքերից մեկի մասին, երբ ընտանիքի անդամները, տեսնելով զինվորի դժվարությունները, ով կաշկանդվում է հոգեբանի դիմել իր խնդիրների համար, իրենք են դիմել մասնագետին և միասին անցել վերականգնման ճանապարհը։
«Տրավմատիկ մարդը հաճախ պահանջկոտ է դառնում իր շրջապատի նկատմամբ։ Հետևաբար, հարազատները պետք է ունենան նախապատրաստություն, իմանան՝ ինչպես ճիշտ հաղորդակցվել, որպեսզի խուսափեն լուրջ կոնֆլիկտներից», – ասում է Աննա Գալստյանը։
Արվեստի և ստեղծագործական աշխատանքի դերը հոգեկան վերականգնման գործում նույնպես մեծ է։ Արտթերապիան՝ նկարչությունը, գրելը, երաժշտությունը, օգնում են ազատել կուտակված լարվածությունը և վերափոխել ցավը ստեղծագործական էներգիայի։ «Եթե ճիշտ և ուղղորդված աշխատանք իրականացվի, արվեստը իսկապես կարող է օգնել բուժման ընթացքում»։
Ինչ վերաբերում է պետական աջակցությանն ու ծրագրերին, ապա, հոգեբանի կարծիքով, այս ոլորտում դեռևս մեծ բացեր կան։ «Իսրայելում և նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, պետական մակարդակով իրականացվում էին կանխարգելիչ միջոցառումներ դեռ պատերազմից առաջ։ Մինչդեռ մեզ մոտ այս ուղղությամբ աշխատանքը դեռ թերի է։ Մենք փորձում ենք աշխատանքներ կատարել պատերազմից հետո միայն՝ նախապես ազգաբնակչությանը չիրազեկելով և չնախապատրաստելով տագնապային իրավիճակներին»։
Եվ վերջապես, հարցին՝ արդյոք հնարավոր է լիովին ապաքինվել պատերազմական տրավմայից, Աննա Գալստյանը պատասխանում է.
«Այո՛, հնարավոր է, եթե ժամանակին սկսվի թերապիան և գործընթացն անցնի մինչև վերջ։ Մարդը կարող է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը և շարունակել լիարժեք կյանքը»։