
Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության նոր ծրագիր
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են «Abbott» ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկման հիմնական թեման Հայաստանում սրտային անբավարարության բուժման համար «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրումն էր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ծրագրի նախավիրահատական և հետվիրահատական փուլերին, քարտեզագրման գործընթացին, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման հնարավորություններին։
Մինչ ծրագրի մեկնարկը նախատեսվում է իրականացնել գնահատում՝ հասկանալու երկրի ներսում բուժառուների թիվն ու ընդհանուր իրավիճակը։ Կձևավորվի իրականացնող թիմ, կմշակվի գործողությունների քարտեզ և կընտրվեն համապատասխան պացիենտները։
«Արհեստական սիրտ» ծրագիրը նախատեսվում է որպես կյանքի միակ փրկության հնարավորություն այն քաղաքացիների համար, որոնց դեպքում սրտի փոխպատվաստում հնարավոր չէ իրականացնել։ Նախագիծը նպատակ ունի փրկել շուրջ 90 հիվանդի կյանք։