ԱշխարհԱռողջություն

Երկիր է մոտենում տարվա ամենաուժեղ արեգակնային փոթորիկը

Արեգակի վրա գրանցված հզոր ժայթքման հետևանքով դեպի Երկիր է ուղևորվում այս տարվա ընթացքում արձանագրված արեգակնային նյութի ամենախոշոր ամպը։ Ժայթքումը տեղի է ունեցել մայիսի 31-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով 04:05-ին, Արեգակի թիվ 4100 ակտիվ շրջանում՝ գրեթե սկավառակի կենտրոնում։

Միջազգային չափորոշիչներով՝ բռնկումը գնահատվել է որպես M8.2 մակարդակի։ Այս ուժգնության արեգակնային բռնկումները համարվում են խիստ ակտիվ և կարող են առաջացնել լուրջ մագնիսական փոթորիկներ Երկրի մագնիսոսֆերայում։ Ազիզյանը տեղեկացրել է, որ բռնկման վայրը գրեթե ամբողջությամբ համընկնում է Արեգակ-Երկիր ուղղության հետ, ինչն էլ մեծացնում է հավանականությունը, որ արեգակնային պլազման, առանց շեղման, կբախվի Երկրին։

Ըստ մոդելային կանխատեսումների՝ արեգակնային նյութը մեր մոլորակի մթնոլորտ կհասնի հունիսի 1-ին՝ ուշ երեկոյան։ Մասնագետները չեն բացառում մինչև G4 մակարդակի մագնիսական փոթորիկների առաջացումը, ինչը կարող է առաջացնել խափանումներ արբանյակային կապի, GPS համակարգերի և էներգամատակարարման ցանցերի աշխատանքում։ G5 մակարդակի՝ ծայրահեղ ուժգնության փոթորկի հավանականությունը ներկայում գնահատվում է 2%։

Մագնիսական փոթորիկները կարող են բացասաբար անդրադառնալ որոշ մարդկանց ինքնազգացողության վրա, հատկապես՝ եղանակային պայմանների նկատմամբ զգայուն մարդկանց շրջանում։ Բժիշկները նախազգուշացնում են, որ ռիսկի գոտում են 50 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն սրտանոթային հիվանդություններ, բարձր արյան ճնշում կամ շաքարախտ։

Մասնագետները  կոչ են անում  խմել մեծ քանակությամբ սառը ջուր, հնարավորության դեպքում պլանավորել բաց երկնքի տակ ժամանակ անցկացնելու ակտիվությունները՝ նախքան արեգակնային փոթորկի ժամանումը, քանի որ այն կարող է անդրադառնալ ոչ միայն տեխնիկական համակարգերի, այլև մարդու ընդհանուր կենսավիճակի վրա։

Սեդա Մարտոյան