
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ընդլայնել անվճար ստենտավորման հնարավորությունները
ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է կորոնար ստենտների տեղադրման անվճար վիրահատությունների շրջանակի ընդլայնման հնարավորությունը։ Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարության նախաձեռնության համաձայն՝ ապագայում նման վիրահատություններից կօգտվեն ոչ միայն սրտամկանի սուր ինֆարկտից առաջացած նախաինֆարկտային վիճակում գտնվող անձինք, այլև սրտանոթային հիվանդությունների ավելի վաղ փուլերում բուժվող հիվանդները։ Նույն տրամաբանությամբ ավելացվել են նաև աորտային շերտազատման վիրահատությունների պետական հատկացումները։
Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ անհրաժեշտ է քննարկել ծրագրի ընդլայնման նպատակահարմարությունը՝ նշելով, որ համաշխարհային վիճակագրության համաձայն՝ մոտ 20 տոկոս դեպքերում ստենտները տեղադրվում են առանց բավարար բժշկական ցուցումների։
Նշենք, որ ներկայում «Stent for Life» ծրագրի շրջանակում դեղապատ ստենտների տեղադրումն անվճար է սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում, իսկ աորտա-կորոնար շունտավորումն իրականացվում է արտոնյալ պայմաններով։ Անհետաձգելի վիրահատությունները կազմակերպվում են իշեմիայի ախտանիշների հայտնաբերումից հետո 12 ժամվա ընթացքում։