ԱռողջությունՀայաստան

Հայաստանում ծխախոտի սպառումը շարունակում է խնդիր մնալ

Ծխախոտի սպառման բարձր մակարդակը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանում, թեև վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են հակածխախոտային որոշակի բարեփոխումներ։ 2025 թվականի Պետական բյուջեի քննարկման ժամանակ այս թեմայով իր մտահոգությունն է հայտնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Վերջին տարիներին Հայաստանում օրենքի բարեփոխումներ են արվել՝ կապված ծխախոտի սպառման հետ։ Նոր կարգերի համաձայն՝ ծխելը արգելված է հանրային և փակ տարածքներում։ Որոշակի սահմանափակումներ կան նաև գովազդների հետ կապված։

Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ հոգեբանական աջակցության ծրագիր է ստեղծվել, որը քաղաքացիներին օգնում է հրաժարվել ծխախոտից։ Բացի այդ՝ օգտագործվում են նաև դեղորայքային փոխարինիչներ, որոնք օգնում են հաղթահարել ծխախոտից կախվածությունը։ Սրանց հիմնական նպատակը ծխախոտի սպառումը նվազեցնելն է։