ԱռողջությունՀայաստան

Փոխհատուցվող դեղերի դուրս գրելու և բաց թողնման կարգը փոխվում է

Հայաստանում փոխհատուցվող դեղերի դուրս գրելու կարգը փոխվում է։ Կառավարության որոշմամբ, եթե մինչև հիմա քաղաքացիները ստիպված էին ամեն ամիս այցելել բժշկին նույն դեղատոմսը ստանալու համար, ապա առաջիկայում այդ անհրաժեշտությունը կվերանա։

Նոր կարգի համաձայն՝ դեղի առաջին նշանակումը կմնա մեկ ամսով։ Սակայն եթե հիվանդը գանգատներ չունենա, ապա հաջորդ անգամ նույն դեղը նրան կգրվի արդեն երեք ամսվա համար։ Փոփոխությունը վերաբերում է հիմնականում քրոնիկ հիվանդություն ունեցողներին, հատկապես՝ սիրտ-անոթային հիվանդությամբ և շաքարային դիաբետով տառապող մարդկանց։ Նրանց համար փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր մեխանիզմը գործարկվել է այս տարվա սկզբից։

Կարևոր նորություններից մեկն էլ այն է, որ դեղատոմսի ուժի մեջ լինելու ժամկետը երկարացվում է։ Այժմ քաղաքացիները դեղը կկարողանան ստանալ ոչ թե 30, այլ 90 օրվա ընթացքում։

Կառավարության գնահատմամբ՝ այս փոփոխությունը կթեթևացնի հիվանդների առօրյան, կնվազեցնի բժիշկների ծանրաբեռնվածությունը և կնպաստի բուժօգնության որակի բարձրացմանը։