ԱռողջությունՀայաստան

Պաղպաղակի մեջ վտանգավոր մանրէ է հայտնաբերվել. ապրանքանիշի արտադրությունը կասեցվել է

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները պաղպաղակի արտադրամասում հերթական ստուգման ժամանակ բացահայտել են լուրջ խախտում, որը սպառնում էր սպառողների առողջությանը։

Խոսքը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Դոլչեզա» ընկերության արտադրամասի մասին է։ Ստուգման շրջանակում տեսուչները վերցրել են պաղպաղակի նմուշներ և ուղարկել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքները եղել են մտահոգիչ։ Մասնավորապես՝ հուլիսի 15-ին արտադրված «վանիլային պաղպաղակի» նմուշում հայտնաբերվել են մանրէներ, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար, հատկապես երեխաների և թույլ իմունիտետ ունեցող անձանց մոտ։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ դադարեցվել է այդ արտադրատեսակի թողարկումը, մինչև ընկերությունը չվերացնի խախտումները և ապացուցի՝ որ իր արտադրանքը կրկին անվտանգ է։ Բացի այդ, ընկերությանը տրվել է հրահանգ՝ չվաճառել արդեն պատրաստի խմբաքանակը, այն շուկայից հետ կանչել, ոչնչացնել կամ օգտահանել՝ ըստ ընթացակարգի։