ԱռողջությունՀայաստան

Հայաստանի մի շարք մերսման սրահներում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ-ում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024-2025 թվականների վերջին ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում մի շարք մերսման սրահներում բուժական մերսում է իրականացվել առանց համապատասխան լիցենզիայի և մասնագիտական պատրաստվածության։ Այս երևույթը կարող է լուրջ վտանգներ հասցնել առողջությանհը։

Մասնագետների խոսքով, իրականացված սխալ մերսումը՝ հատկապես բժշկական կրթություն չունեցող անձանց կողմից, կարող է հանգեցնել մկանային վնասվածքների, հոդերի անընդունակության, նույնիսկ ներքին օրգանների վնասվածքների։ Օրինակ՝ սրտի, թոքերի կամ ողնաշարի խնդիրներ ունեցող անձանց համար ոչ պրոֆեսիոնալ մերսումը կարող է սրել արդեն առկա հիվանդությունները։

Նշվում է, որ ստուգումներ են իրականացվել 80 մերսման սրահներում։Պարզվել է, որ 4 սրահում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցվել են անձանց կողմից, ովքեր չեն ունեցել համապատասխան բժշկական կրթություն և բժշկական գործունեության իրավունք։ Ապօրինաբար բժշկությամբ զբաղվելու դեպքերի համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ և տրվել են կարգադրագրեր։

Մյուս 3 դեպքերում բուժական մերսում իրականացնող կազմակերպությունները խախտել են լիցենզիայի պայմանները, որոնց վերացման համար նույնպես տրվել են կարգադրագրեր։

4 սրահում բուժական մերսում է իրականացվել առանց համապատասխան լիցենզիայի, իսկ 6 սրահներում մատուցվել են ոչ բուժական մերսման ծառայություններ։ Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին հետագա ընթացքը ապահովելու համար։