
Հայաստանում սկիզբ է դրվում առողջապահական նոր համակարգի ներդրմանը
Հայաստանում սկսվել է համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը, որը միտված է բոլոր քաղաքացիներին՝ անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից, տրամադրել առողջապահական ծառայությունների հասանելի փաթեթ։ Համակարգը բաղկացած կլինի պետական և սոցիալական ֆինանսավորման զուգակցումից։
Հունիսի 3-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված ընթացիկ աշխատանքները։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ծրագրի նախնական ձևաչափը, օրենսդրական փաթեթի մշակման ուղղությամբ արված քայլերը, ինչպես նաև նախատեսվող ֆինանսական մոդելները։ Քննարկմանը մասնակցած գերատեսչությունները ներկայացրել են իրենց դիտարկումները՝ համակարգի արդյունավետ ներդրման տեսանկյունից։
Այս փուլում համակարգի ներդրման գաղափարը դուրս է գալիս պարզապես ոլորտային բարեփոխման սահմաններից։ Այն ուղղված է նաև Հայաստանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող առողջապահական համակարգ ունենալու հավակնություններին, և հատկապես՝ Եվրոպական միության հետ համագործակցության խորացմանը։
Հայաստանն ու Եվրամիությունը 2017-ին ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որի շրջանակում Հայաստանը ստանձնել է իր ոլորտային քաղաքականությունները աստիճանաբար Եվրամիության ստանդարտներին մոտեցնելու պարտավորությունը։
Առողջապահությունը այդ ոլորտներից մեկն է։
Հայաստանում առողջապահության ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը մնում է ֆինանսական անհավասարությունը։
Այսօրվա դրությամբ քաղաքացիների մեծ մասը բժշկական ծառայությունների համար վճարում է սեփական միջոցներով։ Համապարփակ ապահովագրությունը նախատեսում է, որ բոլորը՝ անկախ եկամտից, կունենան առողջապահական նվազագույն ծառայությունների հասանելիություն։
Սա պահանջում է միաժամանակ պետական բյուջեի վերահսկվող աճ, սոցիալական վճարների հավասարակշռում և առողջապահական հաստատությունների կարողությունների ընդլայնում։
Համապարփակ ապահովագրության ներդրումը դիտարկվում է որպես քայլ՝ Եվրամիության մոդելին մոտեցնելու ուղղությամբ։ Սա հնարավորություն է տալիս ներգրավվել առողջապահական համաեվրոպական ծրագրերում, ստանալ տեխնիկական և փորձագիտական աջակցություն ինչպես նաև բարձրացնել Հայաստանի առողջապահական համակարգի վստահելիությունն ու ներդրումային գրավչությունը։