
Ճապոնիան Հայաստանին տրամադրում է 1,7 մլն դոլար՝ օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման համար
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է 1,7 միլիոն ԱՄՆ դոլար՝ օդի որակի մոնիթորինգի կայանների արդիականացման և նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Այս դրամաշնորհը կնպաստի օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգի շարունակական զարգացմանը, տվյալների որակի վերահսկողության բարձրացմանը, կանխատեսումների հուսալիության ամրապնդմանը և առողջ ու կայուն միջավայրի ձևավորմանը։
Համաձայնագիրը ստորագրվել է սեպտեմբերի 29-ին՝ Երևանի քաղաքապետարանում։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը՝ հայտագրերի փոխանակման ձևով։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այս համագործակցությունը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը, կայուն քաղաքների զարգացմանը և քաղաքացիների առողջության պահպանությանը։ Նա նաև հավելել է, որ պետական ֆինանսավորմամբ 2024 թվականին արդեն ձեռք են բերվել երկու ժամանակակից ռեֆերենս դիտակայաններ, և Ճապոնիայի կառավարության այս դրամաշնորհը կարևոր շարունակություն է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։