ԻրավականՀայաստան

Արամ Սարգսյանի դեմ մահափորձի գործով մեղադրվող Ստեփան Սամվելյանը ազատ արձակվեց կալանքից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Մելիքյանի, որոշում է կայացրել փոխել գործարար Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով երկրից բացակայելու արգելքով։

Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակելով դատարանի որոշման պատճենը։

Փոստանջյանը նախկինում բազմիցս նշել էր, որ իր վստահորդի առողջական վիճակը ծանր է և նրա կյանքը կալանավայրում վտանգված է։ Նա հայտնել էր, որ Սամվելյանը սրտամկանի ինֆարկտ է տարել և լիովին չի ապաքինվել, սակայն այդ հանգամանքները հաշվի չառնելով՝ նրան կալանավորել էին հուլիսի 24-ին։

Դատարանի որոշման համաձայն՝ Սամվելյանին պետք է անհապաղ ազատ արձակեն։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Ստեփան Սամվելյանին՝ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու և ապօրինի ռազմամթերք պահելու համար։ ՔԿ-ի տվյալներով՝ նա ձեռք էր բերել և իր բնակարանում պահել «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով, որը հայտնաբերվել էր ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության ընթացքում։

Նշենք, որ Սամվելյանը նախկինում հրապարակայնորեն մեղադրել էր Արամ Սարգսյանին՝ բիզնեսից մասնաբաժին խլելու մեջ և քննադատել գործող իշխանություններին։