ԻրավականՀայաստան

Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել, սակայն համաներմամբ ազատվել է բանտարկությունից

Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավճռով՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար: Նա դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն ազատվել է բանտարկությունից։

Դատարանը Հասմիկ Պողոսյանի նկատմամբ կիրառել է 2018 թվականի համաներման մասին օրենքը, քանի որ նրան վերագրվող հանցավոր արարքները կատարվել են 2012-2016 թվականներին՝ նախքան համաներման ուժի մեջ մտնելը։ Դատական ակտն այսօրվանից մտել է օրինական ուժի մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Հասմիկ Պողոսյանն օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի հողամասից 300 քմ տարածքի հափշտակությանը: Գործի շրջանակում պետությանն արդեն վերադարձվել է Երևանի Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը։