Բռնագանձելու ենթակա 1568 անշարժ և 356 շարժական գույք. Դատախազությունն ամփոփել է աշխատանքը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի գործունեության արդյունքները։
Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով՝ միայն 2025 թվականին վարչությունը նախաձեռնել է 157 ուսումնասիրություն և դատարան է ներկայացրել 42 հայցադիմում։
Ներկայում քննվող 38 հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք և 76 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Նշված 38 հայցերով դրամական պահանջը կազմում է 31 միլիարդ 540 միլիոն դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ։
Էդգար Արսենյանի խոսքով՝ 2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ։ Այդ գումարից արդեն բռնագանձվել է 68 միլիոն 811 հազար դրամը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 758 ուսումնասիրություն։
2026 թվականի մարտի 1-ի դրությամբ դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը կազմում է 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ։ Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք և 467 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ։
Նշվում է, որ այս ցուցանիշը կարող է աճել, քանի որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են դեռևս պարզված, ինչպես նաև հայտնի չեն իրավաբանական անձանցում մասնակցությունների արժեքները։

