Քանդվել են Վլադիմիր Գասպարյանի` Սևանի առանձնատանը կից շինությունները
Սևանա լճի ափամերձ տարածքում ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից կառուցված ապօրինի շինությունները քանդվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, մեկնարկել են ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները, որոնք շարունակվելու են նաև 2026 թվականին։
Փետրվարի 2-ին ապամոնտաժվել են Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ։ Դատախազությունը դատարանում ներկայացրել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց՝ պահանջելով Վլադիմիր Գասպարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել նշված առանձնատունը։
Գլխավոր դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր գտնվող 14 հողամասերում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված շուրջ 40 հիմնական և ոչ հիմնական շենք-շինություն։ Բացի այդ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել է երկու պայմանագիր։
Դատախազությունից հայտնում են, որ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է ևս ութ միջնորդագիր։ Դրանք վերաբերում են Սևանա լճի ափամերձ տարածքում իրականացված մի շարք ապօրինի շինարարություններին։ Դրանց թվում են Վլադիմիր Գասպարյանի կողմից կառուցված առանձնատունը, «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը և քոթեջները, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցված Սևանի առանձնատները։
Որոշ տվյալներով՝ ապօրինի կառույցների թվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ամառանոցը, որը գտնվում է Սևանի սկզբնամասում՝ հայտնի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու հարևանությամբ։
