ԻրավականՀայաստան

Դատարանը որոշել է բռնագանձել Վլադիմիր Գասպարյանից 35 միլիոն դրամ

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։

Դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի հունիսի 24-ին գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Դատախազը նաև քաղաքացիական հայց էր ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի և Գուրգեն Գրիգորյանի դեմ։ Մեղադրողը հայցել էր Գասպարյանից բռնագանձել 35 միլիոն 200 հազար դրամ, Թունյանից՝ 6 միլիոն 513 հազար դրամ, իսկ Երանոսյանից, Թունյանից և Գրիգորյանից՝ համապարտորեն 7 միլիոն 954 հազար դրամ։

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի և Գուրգեն Գրիգորյանի դեմ ներկայացված 7 միլիոն 954 հազար դրամի հայցը թողնվել է առանց լուծման, իսկ Վարդան Թունյանի դեմ ներկայացված 6 միլիոն դրամի հայցը բավարարվել է մասնակի։

Դատախազությունը հիշեցնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճռով Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (երկու դրվագ) համար։ Դատարանը նրան ազատել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետների անցնելու հիմքով։

Գասպարյանի նկատմամբ որպես պատիժ էր սահմանվել 6 տարվա ազատազրկում, սակայն 2018 թվականի համաներման արդյունքում նա ազատվել էր պատիժը կրելուց։

Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը և Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր են ճանաչվել և ազատվել են քրեական պատասխանատվությունից նույն հիմքերով։

Դատախազությունը տեղեկացնում է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի փեսայից և աղջկանից նախատեսվում է բռնագանձել 668 միլիոն դրամ։
Նույն օրը դատախազությունը միջնորդագիր էր ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում Գասպարյանի կնոջ մոր անունով օրենքի խախտմամբ գրանցված հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։