Ագարակի սահմանային անցակետում հայտնաբերվել է մաքսանենգ թմրամիջոց

Ագարակ սահմանային անցակետում ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Իրանից ժամանած բեռնատար ավտոմեքենան:

Զննման արդյունքում բեռնատարի նվագարկիչի միջից հայտնաբերվել է սև պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 316.4 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

ՀՀ քաղաքացի Վ․Թ․-ն թմրամիջոցի մաքսանենգության մեջ անմիջականորեն կասկածելի լինելու հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: Հարուցվել է քրեական վարույթ։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վերոնշյալ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը:

Թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է ևս երկու ՀՀ քաղաքացի՝ Ա․Ք․-ն և Ս․Ք․-ն, որոնք փորձել են փախուստի դիմել, սակայն ձերբակալվել են:

Նրանց բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։

ՊԵԿ փոխանցմամբ՝ վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ աշխատանքներ են տարվում։

Մարինա Գրիգորյան