Պարեկները հայտնաբերել են կանոնազանց վարորդներին

Օրերս համացանցում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման պայմաններում մեքենան վարում հետիոտնի համար նախատեսված հատվածով՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Ոստիկանության փոխանցմամբ՝ Երևանի պարեկների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է և տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Մեկ այլ դեպք արձանագրվել է Զովունիում, որտեղ վարորդը հանդիպակաց երթևեկել է՝ վտանգ ստեղծելով մյուս ճանապարհային երթևեկության մասնակիցների համար։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի պարեկները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել են Արտաշատում։ Այն նույնպես տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Մարինա Գրիգորյան