Ազատ է արձակվել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին Արսենյանը
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանը ազատ է արձակվել Քրեակատարողական հիմնարկից։ Տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը։
Փաստաբանի խոսքով՝ վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարել է ներկայացված բողոքը, և Արսենյանի նկատմամբ կիրառվել է երկու ամսով տնային կալանք։
«Մենք ամեն ինչ անելու ենք արդարացման վճռի հասնելու համար, քանի որ չկան ապացույցներ նրա դեմ առաջադրված մեղադրանքները հաստատելու համար»,– նշել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ինչպես նաև բերման էին ենթարկել թեմի մի շարք քահանաների և աշխատակիցների։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ երեք հոգի ձերբակալվել են, որոնց թվում՝ թեմի առաջնորդը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների հիման վրա, ըստ որոնց՝ թեմի առաջնորդը 2021 թվականին քահանաներին ստիպել է մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին։
