Աբովյանի ՀՈԱԿ-ի բաժնի պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն ՀՈԱԿ-ի համապատասխան բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառք է ստացել դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար։

Մասնավորապես պարզվել է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանքների դատապարտված անձը 2025 թվականի մայիսին ուղեգրվել է ՀՈԱԿ՝ պատիժը կրելու նպատակով։

Նրա կողմից հանրային աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնելու պարտականությունը վերապահվել է նշված բաժնի պետին։

Սակայն պաշտոնատար անձը դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն է կատարել. նա սահմանված աշխատանքները չիրականացնելու պայմաններում դրանք իրավասու մարմիններին որպես կատարված ներկայացնելու դիմաց պահանջել և 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին մեկ այլ քաղաքացու միջոցով ստացել է կաշառք։

Արդյունքում՝ դատապարտյալը չի այցելել իրեն հատկացված տեղամաս և չի կատարել հանրային աշխատանքներ, սակայն նրա անվամբ կազմվել և համապատասխան մարմիններին է ուղարկվել պատիժը փաստացի կրելու վերաբերյալ տեղեկանք։

Մարինա Գրիգորյան