ԻրավականՍփյուռք

Երեք հայ մեղադրյալները կարող են ցմահ ազատազրկվել

Ռուսաստանում ընթացքի մեջ է 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթյունի գործով մեղադրյալների դատական գործընթացը։ Մեղադրող կողմը պահանջել է բոլոր ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Գործով ձերբակալված է հինգ մարդ, որոնցից երեքը ազգությամբ հայ են՝ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը և Ախալքալաքի բնակիչ, ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության կատարման և պայթուցիկ նյութերի ապօրինի պահման մեջ։ Քննչական մարմինների տվյալներով՝ ամբաստանյալները գործել են կազմակերպված խմբով՝ կատարելով ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությունը։ Կամրջի ավտոմոբիլային հատվածում պայթել էր բեռնատար մեքենան, որի մեջ եղել է 21 տոննա պայթուցիկ նյութ՝ թաքցված պոլիէթիլենային փաթեթների մեջ. բեռը տեղափոխվել է Օդեսայից՝ անցնելով Բուլղարիայով, Հայաստանով և Վրաստանով։ Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Մեղադրյալները, սակայն, չեն ընդունում իրենց մեղքը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանները պնդում են, որ գործով անցնող անձիք «պարզապես սխալ ժամանակ սխալ տեղում հայտնված մարդիկ են»։ Արթուր Թերջանյանի ընտանիքն ու հարազատները ամիսներ շարունակ փորձում են աջակցություն ստանալ Հայաստանի իշխանություններից և Ռուսաստանում գործող հայկական կազմակերպություններից։ Թերջանյանի կինը դեռ 2024 թվականին նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ. պատասխան գրությունում նշվել է, որ իրավապահ մարմինների գործողությունների կամ անգործության վերահսկողությունը կառավարության լիազորությունների շրջանակում չէ։ Աջակցության հարցով փորձեր են արվել նաև Ռուսաստանի հայկական համայնքային կառույցների ուղղությամբ, սակայն պատասխան չի ստացվել։

Հոկտեմբերի 30-ին պաշտպանական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը դատավարության շրջանակներում։